Ամերիկյան մաքսայինները բռնագրավել են Պաբլո Պիկասոյի «Կին վարսահարդարը» նկարը, որը 2001-ին գողացվել է Ֆրանսիայում և Բելգիայից փոստով ուղարկվել ԱՄՆ: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով Նյու Յորքի արևելյան շրջանի դատախազ Լորետա Լինչին:
Ֆրանսիական իշխանություններին պատկանող կտավը գողացվել է անհայտ հանգամանքներում՝ Փարիզի Պոմպիդու կենտրոնի թանգարանային պահեստից:
2014-ի դեկտեմբերին նկարը Բելգիայից ուղարկվել է ԱՄՆ՝ փաստաթղթում այն նկարագրելով որպես 30 եվրո արժողությամբ «գեղարվեստական կրկնօրինակ»:
Որպես սուրբծննդյան նվեր՝ նկարն ուղարկողը գրանցվել է որպես ոմն Ռոբեր:
Երբ ծանրոցը հասել է Նյու Յորք, նկարը բռնագրավվել է մաքսային ծառայության աշխատակիցների կողմից, որից հետո Բրուքլինի դատարան բողոք է ներկայացվել մաքսանենգության մասին: