Lloyds բանկի աշխատակցուհի Ստեֆանի Բոնը հեռացվել է աշխատանքից Facebook-ի այն հրապարակումից հետո, որտեղ նա մեկնաբանություն է թողել իր ղեկավարի` Անտոնիո Օրտա-Օսորիոյի միլիոնների հասնող աշխատավարձի մասին: Այս մասին գրում է The Herald Sun-ը:
Բոնը, որը Lloyds Banking Group-ում (LBG) աշխատում էր որպես օգնական, զարմացել է իր նոր ղեկավարի աշխատավարձի վրա, որը կազմում է տարեկան 13,5 մլն ֆունտ ստերլինգ (21 մլն դոլար):
«LGB-ի նոր գլխավոր տնօրենը մեկ ժամում 4000 ֆունտ ստերլինգ է ստանում, իսկ ես` 7: Դա արդարացի՞ է», – գրել է Բոնը Facebook-ի իր պատին: Երբ բանկում պարզել են, որ այդ հրապարակման հեղինակը Ստեֆանի Բոնն է, որոշում է ընդունվել նրան գործից անհապաղ ազատելու մասին:
«Ես չեմ կարողանում հավատալ, որ ինձ հետ նման կերպ են վարվել ոչ աշխատանքային ժամին ընկերներիս հետ քննարկումների համար»,- ասել է Բոնը` հավելելով, որ ինքը որևէ գաղտնի տեղեկություն չի բացահայտել և չի հասկանում իրեն աշխատանքից հեռացնելու պատճառը: