Friday, 19 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար

«Դու կարող ես հաչալ՝ ինչ ուզես, իսկ մենք կանենք՝ ինչ ուզենք»

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

– Պարոն ՏերԳաբրիելյան, ներքաղաքական կյանքում վերջին զարգացումները շատ արագ ընթացան և հանգուցալուծվեցին: Ի՞նչ պետք է անի հաջորդ ընդդիմությունը, և ո՞րը պետք է լինի այս ամենի դասը:

– Քիչ է մնում ամաչեմ ու հրաժարվեմ այս հարցը քննարկել, ինչպես երբ, ասենք, փողոցի մեջտեղը ինչ-որ ընտանիքի անդամներ սկսում են բարձրաձայն սկանդալ անել, որ հատուկ ուշադրությունդ գրավեն, հետո ամաչում ես հիշել, թե իրար ինչեր էին ասում: Իրենք էլ երևի չեն ուզի հիշել: Բայց քանի որ սա նաև հասարակական հնչեղություն ունի, փորձեմ հասկանալ մի քիչ:

Այստեղ կա մի մեթոդաբանական հանգամանք. հաճախ, երբ վերջից ես նայում, ճիշտ հարցը հետևյալն է՝ «ո՞ւմ էր դա ձեռնտու», բայց պարտադիր չէ, որ դա նշանակի, թե սա պարզունակ կոնսպիրոլոգիա է, և հենց նա, ում ամենաձեռնտուն էր, սկսեց պրոցեսն ու արեց ճիշտ այնպես, որ իրեն ձեռնտու դուրս գա: Ինձ համոզիչ են թվում այն բացատրությունները, ըստ որոնց՝ «влюблённые бранятся только тешатся», այսինքն՝ քաղաքական դաշտի մեծ մասը կիսված էր այդ երկու ուժերի մեջ, ընդ որում՝ ուժերից մեկի խոշոր գերակայությամբ: Հանկարծ մյուս ուժը համեմատաբար ռադիկալ է դառնում, ինչն իրեն սովորաբար հարիր չէր, ու առիթն էլ լավ չէր երևում: Մյուս ուժը ռեակցիա է տալիս: Դրսից նայելիս թվում է, թե նրանց նպատակն էր ողջ մասսան պահել իրենց շրջանակներում, իրենց հարցերի շուրջ կենտրոնացած, այսինքն՝ իշխված: Թե ով կհաղթի՝ այդքան էլ էական չէ, քանի որ երկուսն էլ «փողիշխանության» նոմենկլատուրայի բնական մաս են, գլխավորը՝ իրենցը լինի «քաղաքի գլխավոր խաղը»:

Իհարկե, լավ կլիներ ապրել մի երկրում, որտեղ այդպիսի պրոցեսներն իրական են. կա իրական իշխանություն, իրական ընդդիմություն և այլն: Այդ դեպքում, ասենք, առաջ կքաշվեին կարևոր հարցեր, գուցե դրանք կլուծվեին, երկրի ռեֆորմ կիրականացվեր, միջազգային ասպարեզում զգալի զարգացումներ կլինեին՝ դրական մեր երկրի համար:

Հասկանալու համար, թե ինչ պետք է անել, նախ և առաջ պետք է փորձել հասկանալ իրադրությունը: Մենք չենք ապրում «նորմալ» երկրում: Ապրում ենք մեր չարքաշ ու շնչակտուր, աղքատիկ, գավառական, հետամնաց քաղաքական իրականության մեջ: Ես գիտեմ շատ օժտված մարդկանց, որոնք ուզում են քաղաքական պայքարի դաշտ մտնել, մրցել, հաղթել: Ես նրանց ցանկանում եմ հաջողություն: Նրանք ու մեր պետությունը հիմա պիտի զբաղվեին ինովացիոն խնդիրներով, ասենք՝ ամպային մենեջմենթի, ցանցային լիդերության, վենչուրային փիառի, ֆյուչերսային էկոլոգիայի հարցերով, իսկ զբաղված են հնոտի, նախնադարյան-համայնական կարգերին սազական գզվռտոցով:

Պրոբլեմն այն է, որ փոփոխության հասնելու համար մեզնից պահանջվում է բոլորովին այլ կարգի մտածողություն, կրթության մակարդակ, իսկ մեր բախտը չի բերել: Անբախտ դուրս եկանք՝ ինչ արած: Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ երեխան կոկիկ, շապիկն արդուկած, մազերը սանրած, գերազանցիկ, դուրս է գալիս որ գնա դպրոց՝ հարևանի կեղտոտ, փսլնքոտ, գզգզված, կատաղած գամփռ շունը հարձակվում է նրա վրա, լպստում, իր կեղտոտ մազը նրա բերանը խցկում: Այդ կեղտոտ մազի համը բերանում…

Բայց ես այլ օրինակ ունեմ աչքիս առաջ. Ռոլան Բիկովի «Խրտվիլակ» ֆիլմը, որ, համոզված եմ, շատերը կհիշեն: Մանկահասակ Քրիստինա Օրբակայտեն էր մարմնավորում «խրտվիլակին»: Երբ դասարանում կա ինչ-որ մի «խունտա», որը որպես թիրախ իր համար ընտրում է արտաքնապես թույլ մեկին ու վրան հարձակվում. դա անգլերեն կոչվում է «բուլլինգ», սովետական բանակում՝ «դեդովշչինա», հայերեն չգիտեմ ինչպես, որովհետև թարգմանում են «ահաբեկել», և իհարկե՝ տեռոր է դա, բայց դա տեռորի հատուկ տեսակ է՝ յուրայինների, հարազատների, համադասարանցիների միջև: Համադասարանցիները փոքրուց իրար հետ են, իրար մեջ մտած, իրար խառնված, իրար հոտերի մեջ ընկղմված. նրանք հարազատ են՝ ուզեն թե չուզեն:

«Բուլլինգ» բառի ստուգաբանությունը շատ բան է հուշում դրա և սովորական ահաբեկչության տարբերության մասին. սկզբում «բուլլի» նշանակել է «եղբայր» կամ «սիրեկան», իսկ հետո ձեռք է բերել իր ժամանակակից իմաստը, երևի՝ «բռնի սիրեկան» իմաստով, մոտավորապես նույն իմաստն է ձեռք բերվել «կավատ» բառում: Այսինքն՝ դա մարդ է, որը գլուխդ շոյում-շոյում է, հետո մեկ էլ բամփում, և թե ե՛րբ նա դա կանի՝ դու չգիտես, քանի որ երբ ուժն ուզում է իրեն դրսևորել որպես հաղթական, որպես «իմ դեմ խաղ չկա»՝ նա օգտագործում է անսպասելիության, անբացատրելի պատճառով «բարկանալու», վոլյունտարիզմի խաղաքարտը:

Ուրեմն այդ «բուլլինգը» մեր սովետահայ դպրոցներում շատ տարածված էր, միշտ կային դասարանի «տուզեր», ու մյուսներին, ում «բուլլի» էին անում, «քցում» էին, «փչացնում»: Բանակում հետո դրանք մի պերիոդ կոչվեցին «գառլախ»՝ ինձ համար անհայտ ստուգաբանությամբ:

Այդ մասին չկար ոչ դաստիարակություն, ոչ դրա դեմ պայքարի կամ դրա կանխարգելման մոտեցում, ոչ մեթոդիկա: Դա կարծես բացակայեր ուսուցիչների ու ծնողների տեսադաշտից՝ ճիշտ այնպես, ինչպես ղարաբաղյան հակամարտությունում. բռնության ամեն առանձին դեպք եթե հասնում էր ինչ-որ մեկի ուշադրությանը, առանձին էր դիտարկվում, ընդհանուր պատկեր, «փաթթերն», ընդհանրացում չէր արվում, և ասենք՝ եթե «բուլլիի» ենթարկվողը գոնե մի անգամ փորձում էր պատասխանել, հենց այդ պահերին էր սովորաբար ուսուցիչը նկատում, ու ստացվում էր, որ «բուլլիի» ենթարկվողն է մեղավորը, կռվարարը: Ես այդ մասին նույնիսկ պատմվածք եմ գրել այն տարիներին:

Ղարաբաղյան հակամարտությանն իրոք նման է. Ադրբեջանի «բուլլինգին» հայ ժողովուրդը փորձեց պատասխանել ու «ագրեսոր» որակվեց: Թե ինչու էր ուսուցիչն այդպես չնկատելու տալիս այս պատասխանին նախորդած այն մեծ «բուլլինգը»՝ չգիտեմ. դա երևի հոգեբանական է՝ ուժը վախեցնող, քանի որ «բուլլիներն» ուսուցիչների հախից էլ էին գալիս: «Բուլլին», թվում է, կայունություն է ապահովում, ուրեմն արտաքնապես ամեն ինչ լավ է, ուրեմն եկեք չնկատելու տանք. անցյալն անցյալ է, եկեք հիմիկվա դեպքի վրա կենտրոնանանք և այլն: Հազար ու մի խելոք ու ճիշտ պատասխան: Հիմա էլ է դա շատ տարածված աշխարհի մի շարք դպրոցներում՝ «բուլլինգն» ու դրա դեմն առնելու գրեթե անհնարինությունը:

Համենայնդեպս, այդ «բուլլինգի» զոհը ի՞նչ կարող է անել՝ կա՛մ պայքարել ու «ագրեսոր», «բուլլի» որակվել… կա՛մ եթե «բուլլինգ» անողը շատ մոտիկ մարդ է, հարազատ, համադասարանցի, եղբայր, սիրեկան՝ փորձել թողնել ու դպրոցը փոխել: Թողնել գնալ: Փախչել: Բաժանվել: Դա է անում հայ ժողովրդի որոշ նշանակալի մասը: Ներքին կամ արտաքին միգրացիա: Ներքին՝ սսկվել, քանի դեռ գլխիդ չեն տվել, կամ էլ թողնել գնալ:

Ես հիշում եմ պատանի տարիներիս մի գիրք կարդացի պատանիների մասին, որում մի փոքրիկ տղա՝  ինը տարեկան, գլխարկը գլխից չէր հանում: Օրուգիշեր, դուրսուներս, արթուն թե քնած՝ գլխարկը խորը քաշած էր գլխին, որ մազն ու ականջը, գլխի կեսը ծածկի: Հետո կարծեմ՝ կինոյում տեսա այդպիսի տղա, ինչքան հիշում եմ՝ «Մի սպանեք երեխաներին ու գազաններին» հանրահայտ հանճարեղ ֆիլմում: Կարծեմ՝ «Կկվաբնի վրայով թռչելիս» գործում էլ այդպիսի մի մեծահասակ կա՝ խելագարանոցում: Ասում էին՝ այդպիսի մարդկանց գլուխները, ականջները բորբոսնում են, նեխում, քանի որ գլխարկը չեն հանում ու գլուխները չեն լվանում: Թոթովենցն էր կարծեմ դա գրել:

Հետո այդ տղան գրքում և ֆիլմում գլխարկը հանում է, ու դա նրա վերադարձն է այս աշխարհ՝ աշխարհն ընդունելը, այսինքն՝ աշխարհը դադարում է լինելու լրիվ սխալ ձևի: Եթե զոռով չեն հանում՝ ուրեմն նա կազդուրվեց: Հետո ես այդպիսի տղա իմ կյանքում հանդիպեցի ու շատ վախենում էի, որ նա գլխարկն այդպես էլ գլխից չհանի: Բայց հանեց: Արհամարհելով կարելի էր ասել՝ դա ջայլամություն է, բայց արհամարհել չէր լինում, քանի որ լավ երեխաները, լավ մարդիկ դրանով ցույց էին տալիս, որ մի սարսափելի աննորմալ բան կա այս կյանքում:

Հետո հոգեբաններից իմացա, որ դա ոչ միայն նշանակում է կյանքից վախ ու անջատում, չցանկություն՝ կյանքին մասնակցելու, այլև հատկապես՝ հեղինակությունից պատսպարում, քանի որ գլուխդ վերն է, նրա վրա հեղինակությունն է հակված, ճնշում է: Հիմա մեր ժողովրդի մի նշանակալի մասն այդ վիճակում է. գլխարկը գլխից օր ու գիշեր չի հանում: Շատ ցավալի է: Ու ոչ միայն մեր՝ Ռուսաստանի էլ: Շատ, շատ ցավալի է:

«Բուլլինգի» այդ իրադրությունը շատ տիպական է աշխարհում մի շարք դպրոցների համար՝ սկսած ԱՄՆ-ից: Դա կարող է պատահել ցանկացած տեղ: ԱՄՆ-ում և այլ զարգացած երկրներում ստեղծվել են դրա դեմ պայքարի համակարգեր: Նույն տիպի է նաև ընտանեկան բռնությունը, և հենց այդ հարազատ-բռնավոր միասնությունն է, որ ստեղծում է նաև «ստոկհոլմյան սինդրոմ», որի շնորհիվ ժողովրդի մի մասն ասում է՝ «Աստված էլ բեթարից ազատի, սրանք գոնե մեր ծանոթ, հարազատ «բուլլիներն» են, սրանց քշենք, Աստված գիտի՝ ով կգա տեղը կնստի»:

Համեմատելով այն պոստ-պոստ-մոդեռն ու ինովացիոն խնդիրները, որ մեր պետության առջև են, ու այս իրադրությունը, տեսնում ենք, որ փոփոխության ձև երևի չկա՝ բացի դպրոցը փոխելուց, որովհետև բուլլիի դեմ բուլլին պիտի դուրս գա, գերազանցիկը չի կարող, իսկ խնդիրները խելոք, իրական, քրտնաջան, կուլ չգնացող գերազանցիկներին համապատասխան, նրանց մակարդակի խնդիրներ են, ոչ թե բուլլիների: Ուրեմն եթե բուլլիին բուլլին նույնիսկ հաղթի էլ՝ էլի այդ տեսակ գերազանցիկն արանքում տեղ չունի, ու էլի մեր երկիրը շարունակելու է գլորվել՝ Աստված գիտի, թե ուր:

Կան «ծախված» գերազանցիկներ, որոնք «բուլլիներին» են «ծառայում», բայց դա երկար տևել չի կարող, քանի որ «բուլլիներն» ատում են խելքն ու զարգացածությունը, հենց դրա համար են մարդկանց «բուլլինգի» ենթարկում, հենց նրանց ներքին անլիարժեքության կոմպլեքսն է, որ մղում է նրանց իրենցից թույլին ճնշել. արդյունքում նրանք իրենց ծառայող «խելոքներին» ստորացնում, իջեցնում են, որակազրկում, «ռոմաններ, վեպեր ճմռողների, մաժողների, թխողների» մակարդակի բերում: Դա գողական հասկացություն է՝ ռուսերեն «романы тискать»: Դրանով զբաղվում էին «մտավորականները»՝ գողական շրջապատում, գուլագի զեկերի մեջ. նրանք ծառայում էին օրենքով գողերին կամ զոն նայողներին՝ նրանց համար նաղլ, վեպեր, օճառե օպերաներ հնարելով, նրանց զվարճացնելով: Նրանց համար սպիչռայթերություն էին անում, որպեսզի գոյատևեն այդ ծանր շրջապատում: Այդ դեպքի առանձնահատկությունն այն է, որ այդ ռոմանները տեղի են ունենում կոնտեքստից դուրս, այսինքն՝ սովորաբար չեն ազդում իրադրության վրա, նաղլն ու իրականությունը մնում են իրար չագուցված: Նաղլը մարկիզների մասին է, իրականությունը՝ զեկերի: Դա նաև կոչվում է «լակիռովկա»:

Ինչ արած, բախտներս չի բերել, բախտի դեմ ես չգիտեմ՝ ինչ խաղ կա, դժվար է խաղը բախտի դեմ. ուրիշները մի կերպ տակից գուցե դուրս գան, իսկ մենք արդեն մի տասնհինգ տարի է, ինչ ընկանք մի դասարան, որտեղ «բուլլիներն» են վեռխ վերցրել: Իսկ «ուսուցիչները»՝ «միջազգային հանրությունը», որոնց վրա որոշ իմ նաիվ բարեկամներ պրիմիտիվ հույս էին կապում, կա՛մ չտեսնելու են տալիս, կա՛մ հավասարեցնում են բուլլիին ու նրա զոհին, կա՛մ չեն խառնվում, կա՛մ էլ նույնիսկ ձայնակցում են բուլլիին: Հարցն, իհարկե, նրանք չեն լուծելու. հիմնականում եթե բուլլինգը համատարած է՝ հարցն ուսուցիչները չեն լուծում, ոչ էլ գլխարկը գլխներին քաշածները կամ «անբան, անհաղորդ, հետաքրքրասեր անցորդները» (bystander, зевака), այլ զոհերը: Այս կամ այն կերպ: Պիտի աշխատենք, որ իրական գերազանցիկը զոհից դառնա հաղթող: Որ գերազանցիկությունը «զապադլո» չմնա:

Այդ «խրտվիլակը», ուրեմն՝ մեր ազգը, խարույկ է հանվում «բուլլիների» կողմից, որոնք շուրջը վհուկապար են բռնել ու խարույկի մեջ են գցում՝ ինչ պատահի, որ փչացնեն. էլ շախմատ, էլ Եվրասիա, էլ Եվրամիություն, էլ Ռուսաստան, էլ հարյուրամյակություն, էլ մեռելոց, էլ նաղդ, էլ փող, էլ ընտրակաշառք, էլ մարտի մեկ, էլ նալոգ, էլ սահմանադրական ռեֆորմ, էլ խուրդա, էլ անվտանգություն, էլ էկոլոգիա, էլ ճարտարապետություն:

Հեյ գիդի, հա՛, խրախճանք: Բայց դա սուտի խրտվիլակ է ու սուտի վհուկապար, ոչ ազգն է այդ խրտվիլակը, ոչ կրակն է կրակ, ուղղակի ազդում է վրաներս, քանի որ արդեն մի տասնհինգ տարի մեր աչքի առջև է լինում, և արդյունքում մեր ժողովրդի զավակները բռնության են ենթարկվում, մասսայական հոգեբանական բռնության (որը նշանակալիորեն կարճացնում է նրանց կյանքն ու իջեցնում կյանքի որակը), երբեմն՝ ֆիզիկական, երբեմն՝ զոհվում, մասսայաբար թողնում-գնում են, որը նույնպես հոգեբանական բռնություն է, որ ազդում է բոլորի երջանկության վրա:

Ուրեմն ծրագիրը, թե ինչ անել «բուլլիների» դեմ, պիտի քաղվի այն դասագրքերից, որոնք դպրոցներում այդ իրադրություններն ուսումնասիրել են ու միջոցներ առաջարկել:

pic

– Ինչո՞ւ, ըստ Ձեզ, ՀԱԿը նույնպես համակերպվեց այս վիճակին և լինելով արմատական ընդդիմություն՝ իր վրա չվերցրեց «դրոշը», ինչո՞ւ հրաժարվեց:

– Կոնգրեսը և Լևոն Տեր-Պետրոսյանը երբ հասկացան, որ պայքարը միայն բռնի ուժով, արյամբ կարող է լինել, հրաժարվեցին այդ ճամփից: Տեր-Պետրոսյանը հիմա փորձառու, դասական խորհրդատուի դերում է: Նա տեքստ է արտադրում, առաջարկում, ձևակերպում: Նա դա անում էր նաև Կոնգրեսի թեժ պահին և նույնիսկ 2007-ին, թեև այն ժամանակ դեռ կար նոմենկլատուրայի վերին մաս վերադառնալու հույս նույնպես: Գուցե այդ ողջ շարժումից այդ տեքստերը մնան ամենակարևորը, այդ ձևակերպումները: Չեմ կարող ասել, որ լրիվ համաձայն եմ նրա բոլոր տեքստերին, բայց դրանք գոնե միակն են, որ այսօր արտադրվում են որոշակի գաղափարական հենքի վրա և ուրեմն՝ որոշակի ոճով: Այդ հենքը հաճախ խորը և խորամանկ ռեալպոլիտիկն է, թեև հասկացված՝ մի քիչ հնաոճ, ես կասեի՝ ուշ միջնադարին հարիր իր տարատեսակով: Սակայն եթե հաշվի առնենք, որ մնացած քաղաքական դիսկուրսը կամ նախնադարյան-համայնական է, կամ պարզապես քաոտիկ ու էկլեկտիկ ու ոչինչ չնշանակող, դա, իհարկե, մեզանում համեմատական կարգով նոմենկլատուրայի ամենաառաջադեմ դիսկուրսն է: Բայց դա չի օգնում, որովհետև նույնիսկ ամենաառաջադեմ ուշ միջնադարի, նույնիսկ վերածննդի դիսկուրսը քսանմեկերորդ դարի համար ուշացած է:

Եթե նայենք ռեալպոլիտիկի տարատեսակներին, ապա ռուսաստանյանն այսօր, ասենք, պսևդոտոտալիտար է, պսևդոտասնիններորդ դարի ու զրոգումարային, արևմտյանը՝ դրական-գումարային: Երբ փորձում ենք Հայաստանի հարցերը քննարկել ռեալպոլիտիկի տեսակետից՝ եթե տոտալիտար, քանդարար ու զրոգումարային չենք ուզում լինել այս կամ այն պատճառով (ասենք, ոչ միայն մեր ուժն ու իղձն ենք գործոն հայտարարում, այլ նաև «միջազգային օրենքը», եթե ոչ միայն պետությունն ենք դերակատար համարում, այլ նաև մարդկանց ու աշխարհով մեկ հայությունը), ապա ընկնում ենք շատ նեղ մի արահետ, որից ձախ ու աջ թեքվել չի կարելի, որով եթե գնաս՝ գուցե լավ ստացվի, գուցե ոչ, բայց աչքիս՝ ոչ մի հստակ փոփոխություն տեղի չի ունենա: Այդ խաղի դեմ էլ աշխարհն ունի իր խաղը: Այսօր աշխարհը շատ ավելի բազմազան է, և «կառավարվող քաոսին» համապատասխան տակտիկաներ ու ստրատեգիաներ են պետք, ոչ թե դասական ռեալպոլիտիկ: Ոչ թե մի արահետ, այլ ամպացանց:

Բացի այդ՝ չի կարող բուլլինգից տառապող պետությունն արտաքին քաղաքականության մեջ հաջողակ լինել, ինչպես չի կարող դեդովշչինայով վարակված բանակը հզոր անվտանգություն ապահովել: Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների մեջ հաջող է և մնայուն ինֆորմացիան հրապարակելը, հատկապես մերկ թագավորի մասին դեպքերը, այն, ինչ ոչ ոք մինչ այդ չէր ձևակերպում այդպես հստակորեն ու միանշանակ. ծանր, նշանակալի խոսքը. փոխաբերական միջոցները, պատկերավոր, մխող, անարգանքի սյունին գամող օրինակները, նոր եզրեր մտցնելը մեր դիսկուրս: Երբ նա իր տեքստի այդ ուժը մի կողմ թողած՝ մերկ տակտիկաներ է առաջարկում, դա այդքան մնայուն արժեք չի լինելու՝ իմ կարծիքով:

Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերը միշտ նշել են, որ հաջողության հասնելու համար մարդկային և ֆինանսական ռեսուրսներ են պետք: Հիմա ստացվեց, որ ֆինա՞նսն էլ դերակատարություն չի կարողանում ունենալ: Եվ իշխանությունը ցանկացած ընդվզում կարողանում է կասեցնել:

– Հետխորհրդային տարածքի մի նշանակալի մասում՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Հայաստան, Ադրբեջան, ստեղծվել է մի վիճակ, որտեղ ընդդիմադիր ուժերը գրեթե վերացած են կամ դարձված որևէ դրական փոփոխության հասնելու կարողությունից զուրկ: Հայաստանն այդ տեսակետից դեռ համեմատաբար առաջադեմ է, քանի որ այստեղ կա գոնե մեկուկես ալտերնատիվ հեռուստաալիք, թեև դրանք էլ շատ հարաբերական են ու գուցե վերանան շուտով: Այստեղ կա գոնե մեկ կամ մի քանի իրական ընդդիմադիր պառլամենտական: Կա ազատ համացանց: Հայաստանում վերջերս հետևյալ վիճակն էր. «դու կարող ես հաչալ՝ ինչ ուզես, իսկ մենք կանենք՝ ինչ ուզենք»: Ուրեմն «հաչալ» կարելի էր, բայց դա ոչ մի փոփոխության չէր բերում: Խոսքը գործից լրիվ կտրվել էր. «Ա Վասկա սլուշայետ դա յեստ»: Կարծում եմ՝ պլանավորում են, որ այդպես էլ գնա, եթե էլ ավելի չվատանա, ու նույնիսկ «հաչալը» չարգելվի: «Հաչալը», նրանց կարծիքով, գոնե հոգեբանական «շանթարգել» է, մի միջոց, որ նախ՝ կրքերը պարպվեն, երկրորդ՝ մարդիկ հուսահատվեն ու տեսնեն, որ խոսքը ոչ մի արժեք չունի, որ խոսքից ոչինչ չի փոխվում, ու կամ «սսկվեն ու թողնեն հանգիստ կառավարենք» (իմա՝ թալանենք), կամ՝ «թողնեն ռադները քաշեն էստեղից, եթե դուրները չի գալիս»:

Բայց ի վերջո խոսքը ռեակցիաներ մակաբերում է, այսինքն՝ այդպես «պոկերի դեմք» անելով՝ լուտանքին երկար դիմանալը դժվար է, ուրեմն ռեակցիաներ կլինեն խոսքին, և քիչ առաջվա դեպքերն էլ երևի այդպիսի կատեգորիայի էին պատկանում: Խոսքը դաժան բան է, զենք, ուրեմն եթե ուզում ես ճիշտ պնակալեզ ու խամաճիկ լինել, պիտի այն արգելես սկզբունքորեն՝ քո մեջ էլ, ուրիշների մեջ էլ, թե չէ՝ ի վերջո շեֆիդ քիմքին անհաճո կհնչի, ու պրոբլեմի առաջ կհայտնվես:

Ուրեմն գալիս ենք հետևության, որ Հայաստանին զարգանալու ու փոխվելու, նաև պաշտոնների ու նոմենկլատուրայի, քաղաքականության փոփոխության համար խոսքն է պակասում, ոչ թե փողը: Եվ եթե ուզում են, որ փոփոխություն չլինի՝ պիտի նախ և առաջ խոսքի դեմ պայքարեն, ոչ թե փողի: Իսկ խոսքի դեմ արգելքով չես պայքարի, մանավանդ մեզ պես «փոքրիկ», «թույլիկ», բայց համաշխարհային երկիր ու ազգում, ինտերնետի դարում, ուրեմն խոսքի դեմ խոսքով պիտի պայքարես: Եվ այստեղ է, որ նրանք կսկեն, տակ կտան, եթե իսկական խոսք ասող գտնվի: Կամ պիտի իրենք էլ իսկական խոսք գտնեն: Ես էլ եմ նկատել իմ կյանքի փորձից, որ խոսքը նրանց վրա մոգական ազդեցություն ունի՝ քանի որ համարյա գերազանցիկ էի,  ու «բուլլիները» երբեմն ոտնձգություն էին կատարում: Խոսքը նրանց համար երբեմն թամաշա է, բայց երբեմն նաև՝ սակրալացվող ծիսակատարություն:

Խոսքով նրանց կարելի է վարժեցնել, սանձահարել, առաջնորդել, զարգացնել, ուրիշ բանով՝ երևի ոչ, և ուրեմն ես շտապեցի, երբ բոլոր «ռոման կճմթողներին, թխողներին» քիչ էր մնում արհամարհեի, ով գիտի, գուցե նրանց խոսքն էլ ազդեցություն ունենա: Թող փողը խոսքի վերափոխվի, բայց՝ լավ, ծանրակշիռ խոսքի, թող կյանք բացատրող, ոչ թե շեղող, խաբող, ոչ թե դիվերսիոն, ոչ թե ծխածածկույթ խոսքը քաջալերվի, և շուտով այս կայուն ճգնաժամը կսկսի երերալ: Դրա համար էլ է երևակայություն պետք. ուզում են փողը միանգամից «իշխի» կոնվերտացնել: Մինչդեռ իմ փորձից՝ «բուլլինգի» դեմ գլխավոր «իշխը» խոսքն է: Ինչքան խոսքը լինի արժեքավոր, այնքան այն «իշխ» կբերի: Այս ողջ պատմությունից էլ խոսքն է մնալու, թամաշան՝ դաժան, մերկացնող, անարժան, ծիծաղելի, թե ծանրակշիռ: Մնացածը՝ քաղաքականությունը, հօդս ցնդեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում