Ինտերնետում հայտնվել է նոր ծառայություն, որը թույլ է տալիս վերլուծել Facebook սոցիալական ցանցի օգտատերերի անձնական էջերի բովանդակությունը: Այս ծառայությունը հայտնի է Reppler (ագլերեն rep` վարկ) անվանումով և նպատակ ունի բարելավելու օգտատերերի իմիջը:
Reppler-ն իրենից ներկայացնում է հավելված, որը ավտոմատ վերլուծում է ինչպես օգտատիրոջ, այնպես էլ նրա ընկերների գրածները: Հիմնվելով հատուկ մշակված ալգորիթմի վրա` հավելվածն անմիջապես առանձնացնում է այն նկարները, հրապարակումները կամ գրառումները, որոնք կան օգտատիրոջ պատի վրա, և որոնք հավելվածը համարում է անցանկալի կամ բացասական:
Ծրագիրը մշակած մասնագետները նշում են, որ այն թույլ է տալիս ֆիլտրել բոլոր անցանկալի նորությունները, որոնք հասանելի են ոչ միայն նրա ընկերներին, այլև ավելի լայն հանրությանը: Առաջին հերթին խոսքը գործատուների մասին է, որոնք ավելի հաճախ են դիմում պոտենցիալ աշխատակիցների անձնական էջերի մոնիտորինգին` նախքան աշխատանքի ընդունելը:
Օգտվելու համար այս հավելվածից՝ անհրաժեշտ է գրանցվել Reppler-ի պաշտոնական կայքում: Գրանցվելիս անհրաժեշտ է նաև մուտքագրել Facebook սոցիալական ցանցի անհրաժեշտ տվյալները: Ծրագրի հեղինակները նշում են, որ հավելվածն ինքնուրույն չի ջնջելու իր կողմից «անցանկալի» համարված տեղեկությունները, այլ առաջարկելու է դրանք օգտատիրոջ: Reppler-ի մասին կարելի է կարդալ Facebook-ի պաշտոնական բլոգում: