Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը անհանգստություն է հայտնել Ալեքսիս Ցիպրասի գլխավորած Հունաստանի նոր կառավարության` Ռուսաստանի հետ համագործակցելու ձգտման առնչությամբ: Այս մասին գրում է Welt am Sonntag պարբերականը:
«Այդ կոալիցիայի (ՍԻՐԻԶԱ և «Անկախ հույներ» կուսակցություն) ամենափոքր ընդհանուր ցուցիչը վարկատուների «եռյակ»-ից և եվրոպական ինտեգրման ձեռքբերումներից հրաժարվելն է: Ինձ նաև անհանգստացնում է (Հունաստանի) Ռուսաստանի հետ համագործակցելու ցանկությունը»,- ասել է Շուլցը:
«Ես ասացի Ցիպրասին՝ դուք եվրոպացի գործընկերներից հանդուրժողականություն եք պահանջում: Բայց արտաքին քաղաքականության մեջ ձեր առաջին քայլը դարձավ հանդուրժողականության խախտումը: Դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա: Նա դա հասկացավ»,- հայտարարել է Շուլցը` մեկնաբանելով Հունաստանի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ:
Նրա կարծիքով` Հունաստանի և Ռուսաստանի մերձեցումը նախևառաջ «ներքաղաքական միջոցառում է», որի միջոցով Ցիպրասը ցանկանում է ընտրողներին ցույց տալ, որ «իշխանությունը նոր մարդիկ ունի»: