Ճապոնական Honda և Toyota ընկերությունները, ինչպես նաև ամերիկյան ավտոարտադրող Chrysler-ը ԱՄՆ շուկայից հետ են կանչում մոտ 2.1 մլն ավտոմեքենա՝ անվտանգության բարձիկների հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդել է ԱՄՆ Մայրուղիներին անվտանգ երթևեկության ազգային վարչությունը:
Հետկանչը վերաբերում է Acura MDX, Dodge Viper, Jeep Grand Cherokee, Honda Odyssey, Pontiac Vibe, Toyota Corolla, Toyota Matrix և Toyota Avalon ավտոմեքենաներին: Բոլոր ավտոմեքենաները 2001-2004թթ. արտադրության են: Ինչպես պարզվում է՝ այդ ավտոմեքենաների վրա հավանաբար տեղադրված է անսարք հաղորդիչ, որի պատճառով անվտանգության բարձիկները շարժման ժամանակ կարող են ակամայից բացվել:
Ավտոարտադրողները հաղորդել են, որ հետկանչման ենթակա բոլոր ավտոմեքենաներում անսարքությունը կվերացնեն անվճար: