Յավանի ծովում ընկած AirAsia-ի ինքնաթիռում անսարքությունների պատճառով կարող էր անջատվել բորտային համակարգիչը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին: Reuters-ի տվյալներով՝ թռիչքի պարամետրերը բարելավող բորտային համակարգչի աշխատանքում անսարքություններ էին նկատվել ավիավթարից մոտ մեկ շաբաթ առաջ, սակայն ինքնաթիռի հրամանատարն աղետից մի քանի օր առաջ չվերթ է իրականացրել այդ անսարքությամբ:
Ինչպես հայտնել են Bloomberg-ի աղբյուրները, համակարգչի անհաջող վերբեռնման փորձերից հետո օդաչուները անջատել են այն: Ըստ փորձագետների՝ տվյալ քայլը չի խանգարել ինքնաթիռի շահագործմանը, սակայն դրա արդյունքում հանվել է պաշտպանությունը, որը թույլ չի տալիս օդաչուին ինքնաթիռը դուրս բերել վտանգավոր ռեժիմներ:
Ավելի վաղ Ինդոնեզիայի անվտանգության ազգային կոմիտեն հայտնել է, որ մինչ աղետը ինքնաթիռի ղեկավարումը իր վրա էր վերցրել երկրորդ օդաչուն:
2014թ. դեկտեմբերին Airbus A320-ը չվերթ էր իրականացնում Ինդոնեզիայի Սուրաբայից Սինգապուր, սակայն թռիչքից անմիջապես հետո կորել էր ռադարների էկրանից: