Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ԱՄՆ-ին քննադատում է մարդու իրավունքների խախտման համար: Այս մասին հայտնում է TASS-ը:
Կազմակերպության տարածած ամենամյա համաշխարհային զեկույցում նշվում է, որ չնայած ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեի զեկույցի ամփոփման հրապարակմանը՝ «նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է հետաքննություն կատարել, էլ չասած նրանց դատական հետապնդման մասին, ովքեր արտոնել են Սենատի զեկույցում նկարագրված կտտանքները»:
«Օրենքով նախատեսված պարտավորություններից այդպիսի խուսափումը միայն մեծացնում է հավանականությունը, որ ապագա նախագահները կտտանքները կհամարեն ավելի շուտ քաղաքականության թույլատրելի տարբերակ, քան քրեական հանցագործություն»,- համարում են իրավապաշտպանները: Նրանց կարծիքով՝ «միաժամանակ նեղացվում են այլ երկրներում կտտանքների համար դատական հետապնդում պահանջելու Վաշինգտոնի հնարավորությունները»:
«Մենք արևմտյան կառավարություններից հետևողականություն ենք սպասում»,- Մոսկվայում զեկույցի ներկայացման ժամանակ նշել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռեյչել Դենբերը՝ ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչներին խորհուրդ տալով «կարգուկանոն մտցնել սեփական գործերում»: