Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Հունաստանի արտաքին պարտքը դուրս չի գրվի։ Այս մասին Յունկերն ասել է ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում։
Յունկերն ընդգծել է, որ այդ հարցը նույնիսկ չի քննարկվում, քանի որ եվրոգոտու այլ երկրներ նման քայլի չեն գա։ Սակայն Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ եվրոպական երկրները բաց են երկխոսության համար։
«Հունաստանում կայացած ընտրություններից հետո չի կարելի խոսել նոր աշխարհի առաջացման մասին։ Մենք հարգում ենք Հունաստանի ընտրության իրավունքը, սակայն Հունաստանը պետք է հարգի մյուսներին»,- նշել է Յունկերը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ S&P միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայման է դրել Հունաստանի վարկային վարկանիշը՝ իջեցման հնարավորությամբ։ Չորեքշաբթի տեղի 4 խոշորագույն բանկերի բաժնետոմսերն էժանացել էին ավելի քան 25 տոկոսով՝ այն լուրերի ֆոնին, որ Հունաստանը դադարեցրել է նավթագազային ոլորտի մասնավորեցումը։