Microsoft ընկերության ստեղծողներից մեկը՝ Բիլ Գեյթսը, հայտարարել է, որ մարդկությանը պետք է անհանգստացնի տեխնոլոգիաների արագ զարգացումը, քանի որ արհեստական ինտելեկտը կարող է փոխել մեր կյանքը: Այս մասին հաղորդում է Business Insider պարբերականը:
Համացանցային ռեսուրսներից մեկում նրան հարց է տրվել՝ ինչպե՞ս կարող է արհեստական ինտելեկտը ազդել մեր կյանքի վրա: Գեյթսը պատասխանել է, որ, իր կարծիքով, տվյալ պահին արհեստական ինտելեկտը չի սպառնում մարդկությանը, սակայն ապագայում դա կարող է փոխվել:
«Ես նրանցից եմ, ով կարծում է, որ գերինտելեկտը կարող է սպառնալ մարդկությանը: Սկզբում մեքենաները մեր փոխարեն կկատարեն աշխատանքը և շատ խելացի չեն լինի: Սակայն մի քանի տասնամյակ անց մեքենաներն ավելի խելացի կլինեն, ինչը մեզ համար խնդիր կարող է դառնալ: Ես չեմ հասկանում՝ ինչու շատ մարդկանց դա չի հուզում»,- գրել է Բիլ Գեյթսը: