Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն անհանգստություն է հայտնել՝ կապված Ռուսաստանի հարցով ընդհանուր եվրոպական դիրքորոշումից Հունաստանի շեղման հետ։ Այս մասին Շուլցն ասել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Սարսափով նկատում եմ, որ Հունաստանը հրաժարվել է Ռուսաստանի դեմ ԵՄ-ի միասնական դիրքորոշումից»,- ասել է Շուլցը։
Նրա կարծիքով՝ անհնար է Եվրոպայից պահանջել զորակցություն սեփական պետությանը, իսկ այնուհետև, որպես առաջին պաշտոնական քայլ, պառակտել ընդհանուր եվրոպական դիրքորոշումը։
Շուլցը մտադիր է այսօր Աթենքում հանդիպել նորընտիր վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ և նրա հետ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ արտաքին պարտքի վճարմանը վերաբերող։ «Ես նրան վաղը կասեմ, որ արտաքին քաղաքականությունում ոչ մի միակողմանի դիրքորոշումներ նրան չեն օգտնի»,- հավելել է Շուլցը։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի առաջնորդը դատապարտել էր Մարիուպոլի գնդակոծությունը և կոչ արել Ռուսաստանին միջոցառումներ ընդունել։ Շուլցի կարծիքով՝ անջատողականները մեղավոր են Մինսկի պայմանավորվածությունների խախտման մեջ։