Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն պետք է որակազրկվի «Կորդոբա»-ին հետ հանդիպման ժամանակ (1:2) մրցակցին հարվածելու համար:
«Չեմ կարծում, որ պետք է խոսեմ այս կապակցությամբ, քանի որ չեմ աշխատում կարգապահական կոմիտեում: Բացի այդ, չեմ սիրում խոսել այլ թիմերի մասին: Բայց Ռոնալդուն պետք է որակազրկվի այդ արարքի համար:
Հարձակվողները միշտ սադրանքներ, սպառնալիքներ են լսում իրենց հասեցին խաղի ժամանակ, բայց պետք է կարողանալ զսպել էմոցիաները:
Երբեմն դա անելը հեշտ չէ, քանի որ սադրանքները տարբեր են լինում: Հիշեք Զինեդին Զիդանի հետ կատարվածը: Ինձ հետ նույնպես նման բան տեղի է ունեցել: Ջանքեր են պետք ինքնազսպման համար»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է AS-ը: