Ֆեթուլահ Գյուլենի (ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ հասարակական գործիչ) շարժումը Թուրքիայում իսլամական հեղափոխություն է ծրագրել, իսկ Գյուլենն ինքը մտադիր է եղել երկիր ժամանել որպես հեղափոխության առաջնորդ: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Նա նշել է, որ չնայած դրան՝ Թուրքիայի կառավարությունը կարողացել է կանխել երկրում պետական հեղաշրջման բոլոր փորձերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայի պետական կառույցներում սպասվում են վերջին ժամանակներում ամենամասշտաբային կադրային փոփոխությունները:
Սպասվում է, որ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում կփոխվեն Թուրքիայի պետական վարչությունների գործնականում բոլոր ղեկավարները:
Հիշեցնենք՝ անցած տարվա փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ 2011 թվականին հակաահաբեկչական գործողության շրջանակում, որն անցկացվել է Ստամբուլի դատախազության կողմից Salam ահաբեկչական կազմակերպության դեմ, գաղտնալսվել են մոտ 7000 մարդկանց հեռախոսներ, ովքեր կապված են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների, նաև վարչապետի ընտանիքի անդամների հետ:
Դրանից հետո Էրդողանը մեղադրեց Ֆեթուլահ Գյուլենին, որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած հեռախոսազրույցների գաղտնալսման հետևում: