Չինաստանի Անհոյ նահանգի բնակչուհի Հու Հուեյյուանը, որը տառապում է ուղեղային կաթվածով, գիրք է գրել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
21-ամյա չինուհին որը գործնականում ամբողջովին անշարժացած է, իր վեպը տպել է նոութբուքով ձախ ոտքով: Գիրքը մոտ 60 000 բառ է պարունակում: Գրողը ստեղնաշարով 1 րոպեում 20-30 բառ է հավաքում:
Աղջկա ծնողներն ասում են, որ նա երեխա ժամանակ հնարավորություն չի ունեցել դպրոց գնալու, բայց գրագիտություն է սովորել հեռուստատեսային ենթավերնագրերից: Երբ աղջիկը ծնվել է, բժիշկները պնդել են, որ նա 10 օր էլ չի ապրի:
Տեղական հեռուստաալիքին տված հարցազրույցում Հու Հուեյյուանն ասել է, որ աշխատում է շատ կենտրոնացած լինել, իսկ հաշմանդամությունն իրեն սովորեցրել է համբերել: «Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ գրելու և տարբեր հետաքրքիր մարդկանց հետ շփվելու»,- նշել է նա: