Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունում աղջիկները միջնակարգ դպրոցներում տղաներից լավ են սովորում: Աղջիկների կրթական հաջողությունները կախված չեն սեռային հավասարությունից, տնտեսական և սոցիալական զարգացման մակարդակից: Նման եզրահանգման են հանգել ամերիկացի գիտնականները՝ ուսումնասիրելով աշխարհի 74 երկրների 15-ամյա կես միլիոն աշակերտների առաջադիմության տվյալները: Այս մասին գրում է Intelligence պարբերականը:
Պարզվել է, որ հետազոտված երկրների 70 տոկոսում աղջիկները տղաներից լավ են սովորում: Բացառություն են կազմել 3 տարածաշրջան՝ Կոլումբիան, Կոստա Ռիկան և Հիմաչալ Պրադեշ հնդկական նահանգը: Աղջիկներն առաջադիմում են հատկապես այն երկրներում, որտեղ առկա է խիստ սեռային խտրականություն՝ Քաթար, Հորդանան, ԱՄԷ: