Թուրքիայում հակահայ գործունեություն ծավալող, այսպես կոչված, «Յալովայի հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» նախաձեռնությամբ «Սառը դժոխք» անունը կրող թատրոնում հակահայ բովանդակությամբ ներկայացում է բեմադրվել։ Այս մասին գրում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը։
Բեմադրության մեջ, որը նվիրված է եղել Սարիղամիշի ճակատամարտի 100-ամյա տարելիցին (ընթացել է 1914-ի դեկտեմբերի 22-ից մինչև 1915-ի հունվարի 17-ը), հայերը ներկայացված են որպես դավաճաններ։
Նշենք, որ Ռուսական կայսրության դեմ Կովկասյան ճակատում Սարիղամիշի գործողության հետևանքով օսմանյան բանակը կորցրել է 60 հազարից ավել զինծառայող: Ձախողված գործողությունն իրականացվել է դաժան սառնամանիքի պայմաններում: Եղանակային վատ պայմանները հաշվի չառնելով` վատ հանդերձավորված օսմանյան բանակը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Էնվեր փաշայի գլխավորությամբ փորձել է նախահարձակ լինել, սակայն հազարավոր թուրք զինծառայողներ զոհվել են ոչ թե հակառակորդի հետ բախումների, այլ ցրտահարության պատճառով: Հետագայում Էնվերն իր այս ձախողման պատասխանատվությունից խուսափելու համար փորձել է պարտության մեղքը բարդել նաև հայերի «դավաճանության» վրա: