Եվրոպայի պատանեկան ձմեռային օլիմպիական փառատոնի մեկնարկում հաջող է հանդես եկել գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը: Մեր մենասահորդուհին կարճ ծրագրում գերազանցել է սպասելիքները, իրենից հետ թողել բազմաթիվ փորձառու մրցակիցների ու գրավեց առաջին տեղը (52.94 միավոր): Մարզիչներ Գեորգի և Իրինա Գալուստյանների 15-ամյա դստեր հաջողությունը պատահական չէ:
Մոսկվայում մարզվող Անաստասիան ընդամենը երկու ամիս առաջ մասնակցեց «Վարշավայի գավաթ» միջազգային խոշոր մրցաշարին և դարձավ արծաթե մեդալակիր: Բարձր արդյունքի շնորհիվ հայ մարզուհուն շնորհվեց Շանհայում մարտին անցկացվելիք աշխարհի մեծահասակների առաջնությունում հանդես գալու ուղեգիր:
Ինչպես ակնկալվում էր, պատանեկան փառատոնի առաջին օրը թույլ հանդես եկան մեր դահուկորդները: Դահուկավազորդներ Արման Մատինյանը 10 կմ մրցավազքում 85 մասնակիցների պայքարում գրավեց 79-րդ, իսկ Ռաֆիկ Վիրաբյանը` 83-րդ տեղը:
Ծաղկաձորցի լեռնադահուկորդ Դմիտրի Տրիշչիլյովը հսկա որոլորվայրէջք մրցաձևի մեկնարկում անահաջողության մատնվեց և դուրս մնաց պայքարից:
Հայաստանի բոլոր չորս մասնակիցները վաղը` հունվարի 28-ին, կրկին կելնեն ասպարեզ: Անաստասիա Գալուստյանը հանդես կգա ազատ ծրագրով, դահուկավազորդներն իրենց ունակությունները կդրսևորեն 7.5 կմ տարածությունում, իսկ լեռնադահուկորդը` ոլորավայրէջք մրցաձևում: