Հարկավոր է ջանքեր չխնայել, որպեսզի թույլ չտրվի եվրագոտուց Հունաստանի դուրս գալը: Այսպիսի կարծիք է երկուշաբթի հայտնել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզի: Նա գտնվում է Բեռլինում, որտեղ կկայանա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ նրա հանդիպումը, գրում է TASS-ը:
«Այժմ՝ ընտրություներից հետո, հարկավոր է բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի նման ողբերգություն թույլ չտրվի, ինչպիսին է Հունաստանի դուրս գալը՝ ինչպես հենց եվրագոտու, այնպես էլ ամբողջ ԵՄ-ի համար իր բազմաթիվ հետևանքներով, քանի որ նման իրադարձությունը կնշանակի, որ ԵՄ-ն անդամ երկրի դեֆոլտը հնարավոր է, և որ առանձին վերցրած երկիրը հնարավորություն ունի ինքնուրույն որոշում կայացնելու և չվճարելու իր պարտքերը»,- ասել է Սարկոզին:
Նա հատկապես փաստել է, որ իրադարձությունների նման շրջադարձը «իր ազդեցությունը կունենա այլ երկրների, մասնավորապես Ֆրանսիայի վրա, որը Հունաստանի վարկատուներից է»:
Նիկոլա Սարկոզին «պատասխանատու որոշում» կայացնելու կոչ է արել Հունաստանի կառավարության անդամներին, «ովքեր այժմ ստիպված են բախվել ոչ թե նախընտրական քարոզարշավի խնդիրների, այլև 9 միլիոն բնակչություն ունեցող երկրի կառավարման հետ»: Նա դիմել է նաև ԵՄ ղեկավարությանը, որը «պետք է գիտակցի, թե Հունաստանի բնակչությունը վերջին շրջանում ինչքան տառապանքներ է կրել»:
Սարկոզին ընդգծել է, թե անհրաժեշտ է համարում, որպեսզի Հունաստանը հետագայում էլ ԵՄ անդամ մնա: