ՆԱՏՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Լևան Դոլիձեն երկուշաբթի պաշտոնապես լքել է իր պաշտոնը, գրում է RIA Novosti-ն:
Պաշտոնաթող լինելու իր որոշման մասին Դոլիձեն հայտարարել էր անցած տարվա նոյեմբերի սկզբին այն բանից հետո, երբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի անդամն է Դոլիձեի եղբայրը՝ խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Դոլիձեն, դուրս է եկել «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի կազմից: Այն ժամանակ նա հայտարարել է, որ պլանավորված մի շարք կարևոր հանդիպումներից հետո կլքի իր պաշտոնը: Դեկտեմբերի կեսերին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է նրա պաշտոնաթողությունը:
«Ինձ համար մեծ պատիվ է Վրաստանը ՆԱՏՕ-ում ներկայացնել եվրատլանտյան ինտեգրացիայի ամենակարևոր փուլերից մեկում: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր վստահել են ինձ Ուելսի գագաթնաժողովից մեկ տարի առաջ և աջակցել են ինձ համար այդքան կարևոր և պատասխանատու առաքելության ընթացքում»,-գրել է Դոլիձեն Facebook-յան իր էջում: