Բեռլինում առաջին անգամ հանձնել են Light Art Award միջազգային մրցանակը, հայտնում է Deutsche Welle-ը:
Մրցույթում հաղթած Մարտին Հեսելմայերի և Անդրեաս Մուքսելի նախագիծը 10 000 եվրո է ստացել: Այն կոչվում է The Weight of Light («Լույսի քաշը») և ներկայացնում է տարածության մեջ ձգված 2 լուսավոր սինուսոիդներ, որոնցից յուրաքանչյուրով որոշակի ռիթմով լույսի փունջ է վազում: Հեղինակների մտահղացմամբ՝ աշխատանքը ցույց է տալիս լույսի փոփոխվող «քաշը»՝ կախված օբյեկտի դիրքից: Դիոդներով շարժումը վիրտուալ է կարգավորվում. Նկարիչները մոդելավորում են գրավիտացիայի ուժը և այդպիսով կարծես փոխում են լույսի «քաշը»:
Light Art Award մրցույթն անցկացնում է Գերմանիայի Ուննա քաղաքում գտնվող Միջազգային լուսային արվեստի կենտրոնը: Կազմակերպիչները Light Art Award են շնորհում լույսը որպես գեղարվեստական միջոց օգտագործելու համար: