«Պետք չէ թյուր կարծիք ստեղծել, թե ոստիկանությունը լավ չի աշխատել: Ընդհակառակը՝ համագործակցված աշխատել են բոլոր կառույցները, իրավապահ ողջ համակարգը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե չի՞ կարծում, որ մեր իրավապահները թերացել են Պերմյակովի որոնողական աշխատանքներում:
Պողոսյանը նաև հավելեց, որ միևնույն ժամանակ ծառայողական քննություն կնշանակվի, և ով մեղավոր լինի՝ կպատժվի:
Հունան Պողոսյանը նշեց, որ այդ պահին իրենց համար գերխնդիրը Պերմյակովին վնասազերծելն էր, իսկ թե դա ում կողմից կարվեր՝ այնքան էլ կարևոր չէր:
Փոխոստիկանապետը նաև պատմեց, որ դեպքի օրն անմիջապես իրենք եղել են ռազմաբազայում, նույնիսկ զրուցել է Պերմյակովի հետ, սակայն տպավորություն է ստացել, որ նա «խղճուկ ոչնչություն է, ստահակ, որի հետ չարժե զրուցել»:
Լրագրողները Հունան Պողոսյանից հետաքրքրվեցին նաև, թե ինչի հիման վրա են այս օրերին բաժանմունքներ կանչվում Գյումրիում տեղի ունեցած ցույցերի մասնակիցները: Փոխոստիկանապետի խոսքով՝ ցույցի մասնակիցները հենց նույն օրն են բերման ենթարկվել, իսկ դրանից հետո նման բան չի եղել, առավել ևս բերման ենթարկվածների նկատմամբ բռնի ուժ չի կիրառվել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: