Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթին քննադատել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսնուն ասպետական տիտղոս շնորհելու համար։ Այս մասին գրում է The Sydney Morning Herald-ը։ Ինչպես նշում է պարբերականը՝ վարչապետի որոշման մասին հայտնի էր դարձել Ավստրալիայի օրը։ Էբոթի հասցեին սկսել են հարցեր ստացվել, թե չէ՞ին լինի արդյոք ավստրալացիներ, ովքեր արժանի կլինեին երկրի բարձրագույն պարգևին ավելի, քան արքայազն Ֆիլիպը։
Էբոթն իր հերթին սոցցանցերում բացասական արձագանքն անվանել է «էլեկտրոնային գրաֆիտի»՝ հավելելով, որ մամուլը մեծ սխալ է անում՝ չափազանց շատ ուշադրություն դարձնելով սոցցանցերին։
Նա հայտնել է, որ արքայազն Ֆիլիպն արժանի է մրցանակի։ Նրա խոսքով՝ թագուհու ամուսինը հարյուրավոր կազմակերպությունների և Duke of Edinburgh’s Awards մրցանակի հովանավոր է, որն օգնել է եթե ոչ հարյուր, ապա տասնյակ հազարավոր ավստրալացիների։