Հսկա կաղամարների վրա տեսախցիկ տեղադրելով՝ գիտնականները հայտնաբերել են, որ կենդանիներն ունեն փայլատակելու ու առկայծելու ունակություն՝ տարբեր արագությամբ նրանց մաշկը փոխում է գույնը: Կենսաբանները ենթադրում են, որ այդ ազդանշաններով կակղամորթները շփվում են միմյանց հետ և գրավում զուգընկերներին: Այս թեմայով հոդվածը հրապարակված է The Journal of Experimental Biology ամսագրում:
Հսկա պերուական կաղամարները (Dosidicus gigas) ունենում են մինչև 1.8 մ երկարություն և չափազանց ագրեսիվ են վերաբերվում մարդուն. Նրանց հետևելու փորձերի ժամանակ կակղամորթները պատռել են սուզորդների դիմակներն ու հարձակվել տեսախցիկների վրա: Սակայն Ստենֆորդի համալսարանի օվկիանոսագետներին հաջողվել է հատուկ տեսախցիկներ դնել կաղամարների մեջքին:
Արդյունքում գիտնականներին հաջողվել է տեսնել, թե ինչպես են ծովում շփվում այդ կենդանիները: Նրանց ամենից շատ զարմացրել է կակղամորթների վարքի ռազմավարությունը՝ նրանք արագորեն մաշկի գույնը կարմիրից փոխել են սպիտակի: Ըստ հոդվածագիր Հաննա Ռոզենի՝ կենդանիներն այդպիսով գրավում են պոտենցիալ զուգընկերներին:
Բացի դրանից՝ կակղամորթները կարողանում են արագ առկայծել՝ քողարկելով իրենց ներկայությունը. նրանք գույնը փոխում են ըստ արևի լույսի փոփոխվող ճառագայթների, որոնք ներթափանցում են ջրի խորքը:
Գիտնականները պարզել են, որ կաղամարների մոտ ստացվում է գույնը փոխել. նրանք ստիպում են սեղմվել քրոմատոֆորներին՝ գունանյութերի և լույսի արտացոլման բջիջներ, որոնք պատասխանատու են սառնարյուն կենդանիների մաշկի գունավորման համար: Քրոմատոֆորների առկայծումն ու փայլատակումը գործարկում են կենտրոնական նյարդային համակարգի նյարդերը՝ մոտավորապես այնպես, ինչպես մարդու ուղեղն ազդանշաններ է ուղարկում ձեռքին՝ նրան ստիպելով շարժվել: