Անկարայի դատարանի վճռով՝ Թուրքիայում մասամբ կարգելափակվի Facebook սոցցանցին հասանելիությունը: Այս մասին երկուշաբթի օրը գրում է Milliyet թերթը:
Բացի դրանից՝ սպասվում է, որ Թուրքիայում կարգելափակվի այդ սոցցանցում մի շարք էջերի հասանելիությունը, որոնցում քարոզվում է ատելություն իսլամի նկատմամբ, և վիրավորվում են իսլամական արժեքները:
Հունվարի 14-ին հաղորդվում էր, որ Թուրքիայում կարգելափակվի մի շարք սոցցանցերին, այդ թվում՝ Twitter-ին և Facebook-ին հասանելիությունը:
Սա կապված է այն բանի հետ, որ անցած տարի սոցցանցերում որոշ նյութեր են տարածվել Ադանայում թուրքական հետախուզության բեռնատարների կալանման մասին:
Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցության նախարար Լյութֆի Էլվանն ասել էր, որ Թուրքիայում, հնարավոր է, համացանցին հասանելիությունն արգելափակվի առանց դատարանի որոշման, եթե դա պահանջեն ազգային անվտանգության շահերը: Նրա խոսքով՝ արդեն պատրաստվում է համապատասխան օրինագիծ:
Անցած տարվա մարտի 21-ին Թուրքիայում դատարանի որոշմամբ արգելափակվել է Twitter-ին հասանելիությունը: Ապրիլի 5-ին երկրում կրկնակի արգելափակվել է Youtube սոցցանցին հասանելիությունը:
2014թ. մարտի 27-ին Youtube-ում տարածվել է Սիրիայում իրավիճակին նվիրված գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որին մասնակցել են Թուրքիայի հետախուզության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարները: Դրանից հետո Youtube սոցցանցին հասանելիությունը Թուրքիայում արգելափակվել է: