Այսօր տարբեր տոնավաճառների աշխատակիցներ կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ վարչապետից պահանջելով այլընտրանքային որևէ լուծում տալ «շրջանառության հարկի մասին» օրենքին, որը փետրվարի 1-ից սկսելու է լիարժեքորեն գործել:
Առևտրականների խոսքով՝ եթե օրենքը այս տեսքով սկսի կիրառվել, ապա իրենք ստիպված կլինեն փակել իրենց խանութները, վաճառակետերը, տաղավարներն ու ապրուստի այլ միջոց գտնել: «Ես թոշակառու կին եմ, ես սկի տուն չեմ կարողանում պահել, որտեղի՞ց սկսեմ հաշվապահությամբ զբաղվել: Սա անհնար բան է, ես ստիպված եմ փակել տաղավարն ու լքել երկիրը»,- ասաց տոնավաճառներից մեկի վաճառող մի կին:
Մեկ այլ վաճառական էլ դեմ էր երկիրը լքելուն: «Ես, մենք բոլորս կմնանք ու կպայքարենք: Կտեսնեք, որ կառավարությունը զիջումների կգնա: Իրենք էլ գլուխ չեն հանում այս օրենքից: Մենք թույլ չենք տա, որ մեզ գործիք դարձնեն՝ խոշորներին հարկային դաշտ բերելու համար»,-ասաց տիկինը:
Ոսկու շուկայի աշխատողները ընդհանրապես հուսահատված էին, քանի որ, նրանց խոսքով, եթե մարդը հագուստը գոնե ստիպված գնում է, ապա իրենց շուկա օրերով մարդ չի մտնում, իսկ իրենք միլիոնավոր դրամների վարկերի տակ են:
Բողոքի ակցիային միացել էին նաև մարզային տոնավաճառների աշխատակիցներ: Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետի հետ, որպեսզի միասին լուծման այլընտրանքային եղանակներ գտնեն:
Հիշեցնենք, սակայն, որ օրերս ֆինանսների նախարարությունից, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի, ասել էին, որ կառավարությունը այս հարցում զիջման չի գնա փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների պահանջի բավարարման համար, և «Շրջանառության հարկի մասին» օրենքում որևէ փոփոխություն չի նախաձեռնվի: Փետրվարի 1-ից օրենքը կմտնի լիրաժեք կիրառության մեջ: Կառավարությունը պարզապես որոշակիորեն հեշտացրել է ապրանքային մնացորդի գույքագրման գործընթացը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: