«Սարգիս Տխրունի» երիտասարդական ուսանողական միության մի շարք անդամներ այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելով շփման գծում այս օրերին կատարվող իրադարձությունների վրա: «Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային կառույցներին՝ հանձին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահի, ուշադրություն դարձնել սահմանային վիճակին, մեր զոհերին և չպահպանեն հանցավոր լռություն:
Մեր զինվորների կյանքը մեզ համար թանկ է, և մեզ հետաքրքիր չէ, թե քանի զոհ են ունենում ադրբեջանցիները, որովհետև դա ցավը չի մեղմացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության անդամ Վարազդատ Փանոյանը՝ հավելելով, որ հրադադարից հետո բանակն այս հարցում անելիք չունի, անելիքը դիվանագետներինն է:
«Հրադադարից հետո բոլոր զենքերը հանձնված են դիվանագետներին, որպեսզի նրանք զբաղվեն այս հարցով: Եվ հիմա մենք կոչ ենք անում բոլոր դիվանագիտական կազմակերպություններին՝ ուշադրությունը սևեռել սահմանին, քանի որ մենք միայն հունվար ամսին ունենք 10-ից ավելի զոհ: Միջազգային կառույցները պետք է ակտիվ գործունեություն ծավալեն»: