«Դա բացառապես իմ որոշումն է եղել, և ես կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել»,- այսօր իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով ամիսներ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ԴԱՀԿ աշխատակիցների երդման արարողությանը:
Պողոսյանը քայլը բացատրեց աշխատակիցների մեջ հայրենասիրական ոգի ներարկելով: «Մեր խնդիրն է այսօր փորձել հայրենասիրական ջիղը, հայրենասեր լինելու միտումը հաղորդել մեր նոր աշխատակիցներին: Դա իմ որոշումն է եղել, և կարծում եմ, որ եթե չլինեին այդ վատ արձագանքները, ապա այն էլ ավելի շատ կնպաստեր մեր ծառայակիցների հայրենասիրական մղմանը, որը մենք փորձում էինք հաղորդել»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով. «Տարիքով ավելի մեծերը կհիշեն, որ մենք պիոներ էինք ընդունվում Լենինի արձանի տակ կամ Լենինի դամբարանի կողքին, և դա մեզ համար մեծ պատիվ էր: Եվ մենք ժամանակին պարծենում էինք դրանով: Ես կարծում եմ, որ էս ամենը պետք չէր սարքել մեծ խնդիր: Այդ որոշումը եղել է միայն իմ որոշումը, և կարծում եմ, որ ճիշտ եմ արել»: