Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության վերջին խստացումներից հետո մեր հայրենակիցներից շատերը հայտնվել են «սև ցուցակում», ինչը ենթադրում է, որ երեք տարի նրանք այդ երկիր մուտք գործելու իրավունք չունեն:
Այսօր վաղ առավոտից նրանց մի մասը հավաքվել էր կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով թեկուզ տուգանք վճարելով նորից կարողանալ մեկնել ՌԴ՝ ոմանք աշխատելու, ոմանք՝ բուժվելու, իսկ մի մասն էլ՝ ընտանիքին միանալու համար:
«Ես այնտեղ վարորդ էի աշխատում, գնացի հասա Լարս, ասացին՝ մեկ շաբաթ շատ ես մնացել Ռուսաստանի տարածքում, 3 տարի չես կարող մուտք գործել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վրդովվեց քաղաքացիներից մեկը:
Ցույցի մասնակիցներից մեկն էլ ընդգծեց, որ Ռուսաստանում բուժվում էր, աշխատելիս վնասվածք է ստացել և պարբերաբար այնտեղ անվճար կարողանում էր բուժօգնություն ստանալ, իսկ հիմա հայտնվել է փակուղային վիճակում, քանի որ իր ստացած թոշակով Հայաստանում բուժվել չի կարողանում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: