Ըմբշամարտի ակումբային թիմերի բունդեսլիգայի Գերմանիայի առաջնությունում, որտեղ 14 ակումբների թիմեր էին մեկնարկել, երեկ երեկոյան կայացան կիսաեզրափակչի առաջին հանդիպումները: Առանց իր առաջատարի՝ 2014 թ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (նա մինչ այս իր թիմի կազմում 4 անընդմեջ հաղթանակ է տոնել) հանդես եկած «Մայնց -88»-ը, երեկ երեկոյան կիսաեզրափակչի առաջին հանդիպումում 9:10 հաշվով զիջեց անցած առաջնության չեմպիոն «Նենդիգեն»-ին:
Այս մրցամարտին «Մայնց-88»-ի կազմում ելույթ ունեցավ ազատ ոճի մեր ճանաչված վարպետներից մեկը՝ 30-ամյա Միհրան Ջաբուրյանն, ով իր անցկացրած վերջին բոլոր գոտեմարտերում հաղթանկաներ էր տոնել ու մեծ ներդրում ուներ թիմի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու գործում: Այս անգամ Միհրանը համառ ու անզիջում պայքարում 5:6 հաշվով զիջեց «Նենդիգեն»-ի կազմում ընդգրկված Մոնակոյի ներկայացուցիչ, 35-ամյա Գենադի Տուլբեային:
Վերջինս մոլդովացի հանրահայտ ըմբիշ է ու այդ երկրի հավաքականի կազմում 2003 թ դարձել է աշխարհի փոխչեմպիոն, 2001 և 2005 թթ Եվրոպայի չեմպիոն, իսկ Մոնակո տեղափոխվելուց հետո 2014թ-ին Ֆինլանդիայում ընթացած Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային կարգում դարձել է աշխարհամասի փոխչեմպիոն: Նշենք, որ 98 կգ քաշային կարգում «Մայնց-88»-ի կազմում ելույթ ունեցած 21-ամյա Վլադիմիր Ռեմելը 0:7 հաշվով զիջեց մրցակցիի թիմի ներկայացուցիչ, 28-ամյա մոլդովացի Նիկոլայ Չեբանին, որն էլ ի վերջո թիմային հաջողության նժարը թեքեց «Նենդիգեն»-ի կողմը:
Կիսաեզրափակչի երկրորդ զույգի առաջին հանդիպումում «Վեինգարտեն»-ը 11:6 հաշվով հաղթեց «Քյոլերբախ»-ին:
Հունվարի 24-ին տեղի ունենալիք պատասխան հանդիպումներից հետո հայտնի կդառնան այն երկու թիմերը, որոնց բախտ կվիճարկվի եզրափակչում որոշելու մրցաշրջանի չեմպիոնին:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն