Չնայած հակասող ինտեգրացիոն ընտրություններին՝ Վրաստանն ու Հայաստանը կարողանում են հաղթահարել ընտրությունների հետևանքով առաջացած խնդիրները՝ հայ-վրացական հարաբերությունները զարգացնելով բնականոն հունով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
Նա նշեց, որ Ռուսաստան-Արևմուտք դիմակայության պատճառով մտավախություններ կային, որ հայ-վրացական հարաբերությունները կմտնեն անկայուն փուլ, այնինչ կողմերը կարողացան պահպանել հարաբերությունների դինամիկան, տարվա ընթացքում շարունակվեցին հայ-վրացական բարձրաստիճան այցերն ու հանդիպումները:
«Ես կարծում եմ, որ պաշտոնական Երևանն ու պաշտոնական Թբիլիսին համարժեք են գնահատում ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը՝ սեփական ազգային շահերով շարժվել և պահպանել հայ-վրացական հարաբերությունները»,- ասաց Սոսո Ցինցաձեն:
Անդրադառնալով Ջավախքի խնդրին՝ քաղաքագետն ասաց, որ հայկական կողմին հաջողվել է մշտապես հաղթահարել այն սպառնալիքները, որոնք առկա են եղել Ջավախքում: Ցինցաձեն լիահույս է, որ կողմերին ապագայում ևս հաջողվելու է երրորդ կողմերին հեռու պահել հայ-վրացական հարաբերություններից: