Հյուսիսային Կորեայում համացանցի աշխատանքում գրանցվել է լայնամասշտաբ խափանում: Դեռևս հայտնի չէ՝ դա վրեժի դրսևորո՞ւմ է Sony Pictures կինոընկերության էլեկտրոնային ցանցերի վրա ցանցահենային հարձակման համար, որում ԱՄՆ իշխանությունները մեղադրում են Հյուսիսային Կորեային: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Ինչպես հայտարարել է համացանցի հետազոտման հարցերով Dyn Research ընկերության տնօրեն Դուգ Մեդորին, համացանցին միանալու խնդիրները Կորեական թերակղզու հյուսիսում առաջ էին եկել մոտ 1 օր առաջ, և այդ ժամանակից ի վեր մասշտաբները սկսել են ընդլայնվել: Նրա խոսքով՝ ներկայում Հյուսիսային Կորեան գրեթե անջատված է համացանցից:
Հաղորդվում է, որ դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր, որ կապված կիբերհարձակման հետ՝ ԱՄՆ-ը պատասխան միջոցառումներ կձեռնարկի: Փխենյանը հերքում է իր մասնակցությունը հարձակմանը: