Դեկտեմբերի 22-ին Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ ԱԱԽ-ն ներկայացնում էր Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։
Նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի 2013թ. դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։
Նիստին հավանություն են տրվել դեկտեմբերի 23-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված փաստաթղթերի նախագծերին։
Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական համադրման հարցերը, անդրադարձ արվեց ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, տեղեկատվական անվտանգության խնդիրներին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։
Նիստի ընթացքում Տաջիկստանի ԱԳ նախարար Սինորջիդին Ասլովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության առաջնայնությունները։
Նիստի մասնակիցները համաձայնեցրել են Կազմակերպության կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները: