Քրդական զինված ուժերը շաբաթ օրը ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից ազատագրել են Իրաքի հյուսիսարևմտյան Սինջար քաղաքը: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը:
Շաբաթ օրը քրդական զինված ուժերը (փեշմերգա) շարունակել են երկու օր առաջ սկսած լայնածավալ գործողությունն ընդդեմ ԴԱԻՇ-ի և մտել Սինջար քաղաք: Փեշմերգաների ստորաբաժանումներից մեկը տվյալ պահին ականազերծում է քաղաքի և մոտակա գյուղերի ճանապարհները և մերձակա տարածքներից վնասազերծում պայթուցիկ սարքերը:
Տարածաշրջանում փեշմերգաների ուժերի հրամանատար Դիջլա Զաիմ Ալին ասել է, որ իրենք Սինջարում ԴԱԻՇ-ի դիրքերին վճռորոշ հարված են հասցրել: Մարտական գործողությունները դեռ շարունակվում են: Գործողությունը ղեկավարում է անձամբ Քրդստանի տարածաշրջանային կառավարության նախագահ Մասուդ Բարզանին: