Ողնաշարը ողջ մարմնի հենարանն ու առանցքն է: Այն կապում է մարմնի մասերը միմյանց՝ կատարելով պաշտպանական և հենարանային գործառույթ:
Մարմնի կենսական մասերը փոխկապակցված են: Այդ է պատճառը, որ ցանկացած վնասվածք ազդում է ո՛չ միայն առանձին կենսական համակարգի, այլև մյուս համակարգերի գործունեության վրա:
Ողնաշարի ցանկացած կոտրվածք պարունակում է ողնուղեղը վնասող վտանգ: Այն կենտրոնական նյարդային համակարգի մի մասն է, որը գտնվում է ողնաշարի խողովակի մեջ, որն էլ իրականացնում է կապը գլխուղեղի և ծայրամասային նյարդային համակարգերի միջև: Ողնուղեղի որևէ հատվածի վնասվելու դեպքում խաթարվում է այդ հատվածից ներքև գտնվող մարմնի մասերի կենսագործունեությունը:
Վթարի հետևանքով, հիվանդն ստացել է բազմաբեկոր, պայթյունային կոտրվածք՝ կոտրվել են 2-րդ և 5-րդ ողերը: Ողնաշարը իմպլանտների միջոցով շտկելու վիրահատությունը կատարում է «Էրեբունի» ԲԿ-ի ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար Կարապետ Գևորգի Մոմջյանը: