Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մեկնաբանել է Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցության հարցը` նշելով, որ յուրաքնաչյուր մարզիկ ինքնուրույն պետք է որոշում կայացնի այդ կապակցությամբ:
«Վերջերս անընդհատ քննարկվում է Բաքվում կայանալիք մրցաշարերում Հայաստանի մասնակցության հարցը: Սա շատ բարդ և ցավոտ հարց է: Ես ինքս մտադրություն ունեմ մասնակցել, բայց դա շատ երկար, խորը մտածելու առիթ է տալիս: Պետք է մտածենք՝ ինչպես անել:
Նախկինում միշտ դեմ էի Ադրբեջանում որևէ մրցաշարի մասնակցելուն, բայց ժամանակի ընթացքում մտադրությունս փոխվեց: Գուցե դա ինչ-որ քրիստոնեական մի ուժ է՝ դանակի դեմ պետք է փորձենք խաղաղությամբ հաղթանակի հասնել: Սա է իմ մոտեցումը: Գիտեմ, որ մեր մյուս մարզաձևերի մարզիկները ևս պատրաստվում են Եվրոպական խաղերին:
Հայաստանը դեռ վերջնական պատասխան չի տվել: Շատ դժվար հարց է, ամեն մարզիկ ինքը պետք է որոշի՝ մասնակցել, թե ոչ»,- ասաց Լևոն Արոնյանը:
Լուսանկարը՝ Photolure-ի