Դենիել Քրեյգից հետո բոնդիանայի ֆիլմերում գլխավոր դերակատար կարող է դառնալ սևամորթ դերասան Իդրիս Էլբան: Այդ մասին ասվում է կորպորատիվ զրույցի մեջ, որը հրապարակվել է Sony Pictures Entertainment կինոընկերության նկատմամբ իրականացված հաքերային հարձակումից հետո:
Ինչպես հաղորդում է Daily Beast պարբերականը՝ Բոնդի դերակատարման համար Էլբայի թեկնածությունն առաջարկել է Sony Pictures-ի համանախագահ Էմի Պասկալը:
«Իդրիսը պետք է լինի հաջորդ Բոնդը»,- գրել է նա 2014թ. հունվարին ուղարկված նամակում:
Դերասանը հայտնի է «Տոր», «Պրոմեթևս», «Խաղաղօվկիանոսյան սահմանագիծ» ֆիլմերից:
Daily Beast-ի տվյալներով՝ Էլբայի թեկնածությունը քննարկվել է մի քանի տարի շարունակ: Եթե նրան հաստատեն, ապա նա կդառնա առաջին սևամորթ Ջեյմս Բոնդը:
Ներկայիս 007 գործակալ Դենիել Քրեյգը հիմա նկարահանվում է բոնդիանայի 24-րդ ֆիլմում, որը մեծ էկրաններին կհայտնվի 2015թ.: