ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը այսօր հերթական քննարկումն էր կազմակերպել արդեն ոչ մետաղական հանքանյութերի արտադրատեսակների արտադրության և այլ շինանյութերի արտադրության ոլորտների ներկայացուցիչների հետ: Հատկապես քարի, մետաղական նյութերի, խողովակների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները խնդիրներ էին բարձրացնում արտահանման ժամանակ ապրանքի սերտիֆիկացման, մաքսային քաշքշուկների, մի քանի ամիսը մեկ իրականացվող ստուգումների, բեռների ուշացումների և այլնի մասին:
Նախարարը յուրաքանչյուր հարցադրումից հետո զարմանում էր, որ այդպիսի խնդիր կա, և տեղակալներին հանձնարարում էր զբաղվել խնդրով: Մասնավորապես, նա զարմացավ, որ Հայաստանի մաքսակետերում արտահանվող քարերի համար կարելի է ծագման սերտիֆիկատ պահանջել և 1 օր դրա պատճառով հետաձգել արտահանումը:
«Հայաստանը քարերի երկիր է, ինչպե՞ս կարելի է ծագման սերտիֆիկատ պահանջել»,- զարմացած դիմեց նախարարը քարի արտադրության ընկերության ներկայացուցչին:
Ճշմարիտյանը զարմացավ նաև այն ժամանակ, երբ «Մանանա սթոն» քարի արտադրության տնօրենը նշեց, որ իրենց արտադրանքը կիլոգրամով են մաքսազերծում:
Այնուամենայնիվ, նախարարն արձանագրեց, որ այսօրվա դրությամբ շինանյութերի և ոչ մետաղական հանքանյութերի արտադրության գլոբալ անկում չկա: Հակառակը՝ այս ոլորտում աճ կա, 10 ամիսների ընթացքում 7 միլիարդ դրամի ապրանք է արտահանվել, այս ոլորտում աշխատում է 5 հազար մարդ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: