Air Armenia ավիաընկերությունը կվերսկսի չվերթեր իրականացնել 2015թ. մարտ ամսի երկրորդ կեսին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը:
Նա չթաքցրեց, որ այժմ ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի, սակայն East Prospect Fund-ի հետ ներդրումային ծրագրի շրջանակներում իրենք ոչ միայն կվերսկսեն գործունեությունը, այլև նոր ուղղություններ կառաջարկեն քաղաքացիներին:
Ընկերության 49 տոկոսի բաժնետեր հանդիսացող East Prospect Fund-ի ներկայացուցիչ Վլադիմիր Բաբիլյովը տեղեկացրեց, որ իրենք Air Armenia-ի համար պլանավորում են նոր ուղղություններ, մասնավորապես, դեպի Ասիա և Մերձավոր Արևելք: Համագործակցությամբ նախատեսվում է, որ ընկերությունը կունենա նաև 5 նոր օդանավ:
«Ընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Ռուսաստան, Եվրոպա, քննարկվում են նաև նշված երկու ուղղությունները: Մենք ուզում էինք չվերթերը սկսել դեկտեմբերի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ հունվարը և փետրվարը կարուստներով կուղեկցվեր, մեր գործընկերոջ հետ որոշեցինք աշխատանքները սկսել մարտից»,- հայտնեց ընկերության գլխավոր տնօրենը:
Նա նշեց, որ ոչ մի երաշխիք չկա, որ հետո խոչընդոտներ չեն լինի, ուղղակի քանի որ գումար կա, հնարավոր կլինի գումարի պատճառով առաջացած խնդիրներից խուսափել:
«Մենք նաև մեր գործընկերոջը վստահեցրել ենք, որ կառավարությունից աջակցություն կունենանք: Շատ լավ կլիներ, եթե օդանավակայանում գանձվող գումարն ընդհանրապես հանվեր»,- նկատեց Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ իրենք շարունակում են վճարել նախկին պարտքը ուղևորներին. արդեն վճարվել է 2800 ուղևորի, մնացել է 375 ուղևոր փոխհատուցվի: