Բելառուսը չի արժեզրկի ազգային արժույթը ֆինանսատնտեսական ճգնաժամում ընկղմված Ռուսաստանի հետևից և նրա հետ պատրաստ է առևտուր անել միայն դոլարով ու եվրոյով: Այս մասին երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է տնտեսական հարցերին նվիրված այսօրվա հատուկ հանդիպման ժամանակ՝ փոխանցում է BELTA գործակալությունը:
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Բելառուսի կառավարությունն ու Ազգային բանկը առաջին հերթին պարտավորություն ունեն սեփական բնակչության առջև: Այդ իսկ պատճառով արժութային քաղաքականությունը շարքային բելառուսների համար չի փոխվի, ինչ ցնցումներ էլ լինեն հարևան երկրում:
«Բելառուսի դիրքորոշումը նույնն է մնում: Մենք չենք պատրաստվում վազել Ռուսաստանի Դաշնության հետևից: Ես կտրականապես դա արգելում եմ, քանի որ միանգամայն անհասկանելի է, թե ինչ է տեղի ունենում ռուսական շուկայում»,- ասել է նա: