Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԿԲ-ի արժութային բորսայից դուրս գալը ժամանակավոր բնույթ է կրում:
Հիշեցնենք, որ ԿԲ-ն օրեր առաջ հայտարարություն տարածեց, թե «արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառք՝ նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով»:
Եթե անցած շաբաթ ԿԲ-ն օրական 6 մլն դոլար էր վաճառում, այս շաբաթ՝ օրական 4 մլն: Ա. Ջավադյանը վստահեցրեց, որ հաջորդ շաբաթ ավելի քիչ կվաճառի ու կդադարեցնի դոլարի վաճառքը, հետո վերադառնալու են իրենց բնականոն ռիթմին և իրենց բոլոր գործառույթներն իրականացնելու են բորսայում:
Իսկ ի՞նչ է անում ԿԲ-ն ֆինանսական շուկայում գոյություն ունեցող խուճապը կանխելու համար՝ հարցին Ա. Ջավադյանը պատասխանեց, թե իրենք կարողանում են վերահսկել միայն բանկերի գործունեությունը: «Որոշ բանկերի սեփականատերեր պատրաստ են ավելացնել կանոնադիր կապիտալի չափը: Դա կանեն նույնիսկ այս տարի: Ի վերջո՝ այս վիճակի կրողը լինելու են բանկերը: Եթե հիմա բոլորը հասկանում են, որ մենք ունենք ազգային արժույթի գերարժեզրկում, դա առաջին հերթին անդրադառնալու է ֆինանսական կառույցների վրա, քանի որ նրանք խնդիրներ են ունենալու այն քաղաքացիների հետ, որոնք չունեն դրամով եկամուտներ և ունեն որևէ արտարժույթով վերցրած վարկեր: Արտահանողներից բացի՝ այս վիճակի կայունացման գործում առաջին շահագրգիռը բանկերն են»,- ասաց Ա. Ջավադյանը: