ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը հրահանգել է բացառել Բերինգի ծովում Բրիստոլի ծոցը (Ալեուտյան կղզիներից հյուսիս) ածխաջրածինների արդյունահանման պոտենցիալ շրջանից: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Այսօր ավելի վաղ ես հրահանգել եմ ԱՄՆ-ի ամենամեծ բնական ռեսուրսներից մեկը՝ խոշոր տնտեսական շարժիչը՝ (ոչ միայն Ալյասկայի, այլև ամբողջ երկրի համար) Բրիստոլի ծոցը, պահել գալիք սերունդների համար»,- ասել է Օբաման Սպիտակ տան մամլո ծառայության տարածած տեսաուղերձում:
Երեքշաբթի օրը ստորագրված փաստաթուղթն ապահովում է նավթարդյունահանումից ծոցի անժամկետ պաշտպանություն:
Ըստ մամլո ծառայության տարածած հուշագրի տեքստի՝ փաստաթուղթը «բացառում է այդ տարածքը որպես վարձակալության առարկա դիտարկելու հնարավորությունը՝ ցանկացած նավթային կամ գազային հետախուզական աշխատանքների, մշակման կամ արտադրության նպատակով»:
Փորձագետների գնահատմամբ՝ Հյուսիս-Ալեուտյան ավազանի տարածքում, որի ընդհանուր մակերեսը գերազանցում է 13 մլն հեկտարը, նավթի պաշարները կարող են հասնել 750 մլն բարելի: