Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը, երեկ փայլուն հանձնեց տարեվերջյան իր քննությունը: 66 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն, էջմիածինցի փորձառու ըմբիշը Մոսկվայում ընթացած Սերգեյ Տարասկինի 22-րդ հուշամրցաշարում անցկացրած բոլոր 5 գոտեմարատերն էլ ժամանակից շուտ, համոզիչ հաղթանակով ավարտեց և վստահորեն գրավեց առաջին տեղն ու արժանացավ ոսկե մեդալի:
Այս հաջողության մասին ահա թե Միհրանը ինչ է գրել ֆեյսբուքյան իր էջում.
«Հաղթեցի Սերգեյ Տարասկինի հուշամրցաշարում: Սա իմ վերջին մրցաշարն էր ավարտվող տարում: Ուրախ եմ արդյունքով, սակայն միշտ էլ աշխատելու տեղ կա: Նայում եմ առաջ և հստակ գնում եմ դեպի իմ նպատակները: Շնորհակալ եմ բոլորին, ով աջակցել է ինձ: Կջանամ հետագայում էլ արդարացնել ձեր սպասելիքները: Կհանդիպենք հունվարին՝ Հայաստանի առաջնությունում»:
Հիշեցնեք, որ սեպտեմբերին կայացած աշխարհի առաջնության ավարտից հետո սա 25-ամյա ըմբիշի երրորդ մրցելույթն էր ու տոնած 3-րդ անընդմեջ հաղթանակը: Բացի մոսկովյան հաղթանակից, նա լավագույնը ճանչվեց նաև նախ նոյեմբերին Տարկո–Սալե քաղաքում Ռուսաստանի Յամալո-Նենեցյան ինքնավար մարզի նահանգապետի մրցանակների միջազգային խաղարկությունում, ապա դեկտեմբերի առաջին օրերին Բառնաուլում տեղի ունեցած միջազգային ներկայացուցչական մրցաշարում: Միհրան Հարությունյանն երախտիքի այսպիսի խոսքերով է ամփոփում մրցաշրջանի իր հաջողությունները.
«Ցանկանում եմ անպայման շնորհակալություն հայտնել իմ անձնական մարզիչ Ռուբեն Թաթուլյանին, Հայաստանում ինձ համար պատասխանատու մարզիչ Սամվել Գեւորգյանին, ՀԱՕԿ-ին, Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիային և բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են»: