Սիրիական բանակը ամբողջությամբ շրջափակել է զինյալներին երկրի՝ մեծությամբ երկրորդ Հալեպ քաղաքում և ռազմավարական առումով կարևոր բնակավայրեր գրավել քաղաքի հյուսիս-արևելքում: Այս մասին Sputnik գործակալությանը երկուշաբթի գիշերը հայտնել է սիրիական բանակում եղած աղբյուրը:
«Սիրիական բանակն առաջ է գնացել Հալեպի հյուսիս-արևելքում և նոր ռազմավարական կետեր է վերահսկողության տակ վերցրել քաղաքում գտնվող զինյալների շուրջ օղակը փակելու նպատակով»,- ասել է աղբյուրը:
Նա հավելել է, որ կառավարական զորքերը «քաղաքի արևելյան թաղամասերը կտրել են հյուսիսային արվարձանից, որը սահմանակից է Թուրքիայի հետ, և որտեղից ներթափանցում են գրոհայինները»: Ավելի վաղ բազմիցս տեղեկություններ են տարածվել, որ շատ վարձկաններ Սիրիա են ներթափանցում Թուրքիայի տարածքով:
Աղբյուրը նշել է, որ գործողության շնորհիվ «մեծ թվով ծայրահեղականներ են ոչնչացվել»:
Տեղի աղբյուրների տեղեկությամբ՝ կառավարական զորքերի հարձակման պահին տասնյակ զինյալներ փախել են քաղաքի հյուսիսային արվարձանների, թուրքական սահմանի ուղղությամբ: Բանակի դեմ ռազմական գործողություններին մասնակցել են հիմնականում ծայրահեղականներ «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումից: