Լուրեր
2015թ. ընդառաջ Թուրքիան ջանալու է բթացնել հայոց պահանջատիրությունը. Ռուբեն Մելքոնյան
  • 23:43
  • 2014-12-11
  • Դիտումներ՝ *

«Չպետք է բավարարվենք Ցեղասպանություն բառի արտասանությամբ, պետք է փոխհատուցում պահանջենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Հայաստանում Ջեմալ փաշայի թոռան դասախոսությանն ու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Նա նշեց, որ 2015 թ. ընդառաջ թուրքական իշխանություններից պետք է ակնկալենք բարդ և վտանգավոր քայլեր ու զարգացումներ, որոնք այս պահին մշակվում են։ Այդ քայլերի մի մասը լինելու են բացահայտ, մի մասը՝ քողարկված պրոհայկական ակցիաների շղարշի ներքո, որոնց միջոցով փորձելու են հայաստանյան հասարակությանը որոշակի ուղերձներ հնչեցնել և հասարակության մեջ որոշակի մտածողություն ստեղծել, ինչը վտանգավոր է, երբ հասարակությունը թուլացնի իր զգոնությունը և սկսի մտածել, թե Թուրքիայում էական փոփոխություններ են եղել:

«Մենք չպետք է բավարարվենք զուտ ներողությամբ, ինչպես Ջեմալ փաշայի թոռան կողմից Ցեղասպանություն բառի արտասանությամբ: Օրինակ՝ հրեաներին Գերմանիան փոխհատուցումը վճարում է տասնամյակներ շարունակ: Մենք պետք է աշխատենք հենց իրավական հարթության վրա՝ ստանալ փոխհատուցում, իսկ նման միջոցառումները բթացնում են մեր պահանջատիրությունը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

  • Դիտումներ՝ *