Այնպիսի թեմաներ չկան, որոնց շուրջ Անկարան չհամաձայնի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ. այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Հռոմի պապի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, գրում է RIA Novosti-ն:
«Մեծարգո Ֆրանցիսկոս պապի հետ զրույցից հետո պարզվել է, որ գործանականում բոլոր խնդիրների շուրջ մենք միևնույն տեսակետն ունենք: Դա առնչվում է ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին, աշխարհում փողերի հեգեմոնիայի խնդրին: Չկան թեմաներ, որոնց շուրջ մեր կարծիքները չհամընկնեն»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նա ընդգծել է քահանայապետի այցի կարևորությունը՝ կապված այն բանի հետ, որ տարածաշրջանում բռնության բորբոքումը շարունակվում է, և անհրաժեշտ է հնարավորինս շուտ լուծում գտնել արյունահեղությունը դադարեցնելու համար:
«Մենք աշխարհում մեծ դժբախտությունների վկաներն ենք: Դրանք են` ատելությունը, արմատականությունը, նացիզմը: Մենք տեսնում ենք, թե ինչպես է ամբողջ աշխարհում աճում իսլամի նկատմամբ նախապաշարմունքը, իսլամաֆոբիան տարածվում է ամենուր: Իսլամն այսօր կապում են ահաբեկչության քաղաքականության հետ, որ վարում են ահաբեկչական պետությունները երկար տարիներ: Մենք միասին պետք է որոշումներ մշակենք, որոնք դրան վերջ կդնեն»,- ընդգծել է Էրդողանը: