Երգչուհի Մադոննայի «Կրթեք Մալավին» հիմնադրամի տնօրեն Սառա Եզզին հայտնել է, որ փոփ կատարողը մանկական հիվանդանոց է բացել երկրի գործարար մայրաքաղաք Բլանտայրում: Հիվանդանոցը կարող է սպասարկել 50 հիվանդի: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Մադոննան, որը երկու երեխա է որդեգրել Մալավիից, անցած տարի տեսչական այց էր կատարել 10 տարրական դպրոցներ, որոնք կառուցվել են իր միջոցներով, սակայն անսպասելիորեն սառը հյուրընկալության է արժանացել:
Նախագահ Ջոյս Բանդայի վարչակազմը հայտարարել է, որ դրանք պարզապես մի քանի նոր դասասենյակներ են կամ վերանորոգված հները, և որ Մադոննան պարզապես ինքնագովազդով է զբաղվում: Երգչուհուն VIP սպասարկումը մերժվել է, իսկ երկրից թռիչքի ժամանակ նրա ինքնաթիռն ուսումնասիրության է ենթարկվել օդանավակայանում:
Մադոննան հայտարարել է, որ իր վրա հարձակումները պայմանավորված են հիմնադրամի ղեկավար կազմից երկրի նախագահի կրտսեր քրոջը հեռացնելու հետ:
«Ինձ չի հետաքրքրում քաղաքական օրակարգը: Ես խոստացել եմ Մալավիի երեխաներին և խոսքս կպահեմ»,- ասել է երգչուհին: Նա ընդգծել է, որ վշտացած է այն պատճառով, որ նախագահի գործողությունների հետևանքով Մալավիի բնակիչները շարունակում են տուժել: Նրա խոսքով՝ իր բարեգործական գործունեությունն իր հայտ է բերել կառավարությունում կոռուպցիայի ամբողջ խորությունը: