Հինգշաբթի երեկոյան Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հարձակման ենթարկված Նախախորհրդարանի անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը ուղեղի ցնցում է ստացել։ Նա այժմ գտնվում է սուրբ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։
Դեպքից մոտ երկու ժամ անց տեղում աշխատում էին ոստիկանության քրեական փորձագետները։ Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հետաքննություն են սկսել։
Հիվանդանոցում գտնվող Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ իրեն ետևից են հարվածել, հարձակվողների դեմքը չի տեսել։
«Նախախորհրդարանի գրասենյակից դուրս եմ եկել, քայլել եմ դեպի Խանջյան փողոց՝ Խանջյան-Թումանյան խաչմերուկի կանգառ, այնտեղ հասնելուց հետո հետևիցս, ամենայն հավանականությամբ, բութ գործիքով հարված եմ ստացել, ընկել եմ գետին՝ կիսաուշաթափ վիճակում, մի քանի հարված էլ այդտեղ եմ ստացել։ Հետո հիշում եմ, որ նորից հայտնվել եմ Նախախորհրդարանի շենքում։ Ոնց եմ եկել, բերել են, թե եկել եմ, չեմ հիշում, ինչից հետո «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխել են հիվանդանոց»,- պատմել է Սաֆարյանը։