Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի և նրա կնոջ՝ Պեն Լիյուանի սիրուն նվիրված երգի տեսահոլովակը համացանցի չինական սեգմենտում հիթ է դարձել: Այս մասին է հաղորդում BBC News-ը: Առաջին անգամ տեսահոլովակը հրապարակվել է մեկ շաբաթ առաջ և այս ժամանակահատվածում գրեթե 56 միլիոն դիտում է ունեցել:
Երգը սկսվում է հետևյալ տողերով՝ «Հայրիկ Սին սիրում է մայրիկ Պենին»: Այնուհետև պատմվում է այն մասին, որ Չինաստանի քարտուղարը չի վախենում է ո՛չ երկնքից, ո՛չ երկրից: Երաժշտական ստեղծագործությունը ավարտվում է հետևյալ բառերով. «Կանայք պետք է սովորեն մայրիկ Պենից, սիրող մարդիկ հաղթում են այս աշխարհում»:
Ստեղծագործությունը գրվել է Հենան նահանգի չորս երաժիշտների կողմից։ Վոկալիստ Յույ Ժունցզեի խոսքերով՝ երգի ստեղծման համար խումբը ոգեշնչվել է Պեկինում նոյեմբերի սկզբին կայացած APEC-ի գագաթնաժողովին Սի Ցզինպինի և Պեն Լիյուանի մասնակցությունից:
Նախկինում խումբը, որի անունը չի նշվում, արդեն հինգ ալբոմ է ձայնագրել, սակայն ճանաչված է դարձել միայն այս երգից հետո: