Վրաստանի նախկին նախագահի դեմ հերթական մեղադրանքն է առաջադրվել: Այս անգամ՝ Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Դատախազության տվյալներով՝ գործը վերաբերում է համակարգային հանցագործությանը, որում մասնակցություն են ունեցել Միխեիլ Սաակաշվիլին, Վանո Մերաբիշվիլին, Բաչո և Դատա Ախալայաները: Հայտարարությունում նշվում է, որ նրանք միասին են գործել՝ հանցագործությունը քողարկելու նպատակով:
Դատախազությունը հայտարարել է, որ գործով նոր հանգամանքների հայտնաբերումն ու Սաակաշվիլիի դեմ մեղադրանքների ներկայացումը տեղի է ունեցել ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա դատախազության կողմից վերսկսված քննության շրջանակում:
«Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից, 28-ամյա Սանդրո Գիրգվլիանին 2006 թվականի հունվարի 28-ին իր ընկերոջ հետ այցելել է Թբիլիսիի կենտրոնի «Շարդեն-բար» սրճարան: Այնտեղ են եղել ՆԳՆ նախկին բարձրաստիճան ներկայացուցիչներ: Կողմերի միջև վեճ է ծագել, նույն օրը բանկի աշխատակցի մարմինը բռնության հետքերով հայտնաբերվել է Օկրոկանա բնակավայրում:
Դատարանն արդեն մեղադրական վճիռներ է կայացրել այդ գործով ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի, ՆԳՆ նախկին պաշտոնյաներ Բաչանա և Դատա Ախալայաների դեմ: