ԱՄՆ Ինգլվուդ քաղաքում գործող ընկերություններից մեկի ֆինանսական գծով ավագ պաշտոնյա, 50-ամյա Կոմիտաս Կարապետ Հարությունյանը երեկ ձերբակալվել է իր ընկերությունից 6.3 մլն դոլար գողանալու մեղադրանքով: Այս մասին հայտնում է nj.com-ը՝ հղում անելով Նյու Ջերսիի դաշնային դատախազներին:
Հարությունյանին սպառնում է 20 տարվա ազատազրկում՝ ցանցային խարդախության մեղադրանքով: Նշվում է, որ սխեման գործել է 2007 թվականի ապրիլից մինչև 2014 թվականի ապրիլ:
Դատախազների խոսքով՝ Հարությունյանը խարդախ սխեման գործի է դրել բեռնափոխադրման ծառայություններ իրականացնող MGB ՍՊԸ-ի միջոցով, որը գրանցված է եղել Ֆրենկլին Լեյքս ավանի իր տան հասցեում: Նա կտրոններ է թողարկել՝ կեղծելով գլխավոր գործադիր տնօրենի և գլխավոր օպերացիոն տնօրենի ստորագրությունները: Ստացված գումարները նա ծախսել է անձնական կարիքների վրա:
Հարությունյանը դատարանի որոշմամբ ենթարկվել է տնային կալանքի, կլինի մոնիտորինգային էլեկտրոնային սարքի վերահսկողության ներքո:
Հարությունյանը, ով ունի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքացիություն, ստիպված կլինի հանձնել ԱՄՆ անձագիրը:
Հետաքննությունն անցկացրել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի Նյուարքի ծառայողները: